Ես քեզ եմ որոնում


Ես ամենուր միայն քեզ եմ որոնում, ինձ նայող աչքերի մեջ քոնն եմ փնտրում, ես քեզ եմ երազում: Երբ կողքիս ես, ուզում եմ քարանալ, ուզում եմ վայրկյանները կանգնեցնել, անէանալ քեզ հետ: Բայց նույնիսկ այն պահին, երբ միասին ենք, ես մենակ եմ՝ առանց քեզ:
Ես հոգիս ընծայել եմ քեզ: Առանց դրա չեն ապրում: Դու ընծաս մերժել ես, հոգիս որբ է ու ինձ կորցրել է (անգամ ես եմ ինձ կորցրել), իսկ ես չեմ էլ փորձում հոգիս գտնել, ես այն նվիրել եմ, ես իմ կյանքն եմ քեզ հանձնել: Առանց հոգու չեն ապրում, իսկ ես դեռ ապրում եմ, եվ դեռ դողում եմ ամեն զանգից, սիրտս ուժգին զարկում է ամեն շշուկից, ամեն ոտնաձայնից շփոթվում եմ, դուրս վազում,բայց քեզ այդպես էլ չեմ տեսնում:
Երբ բռնում ես ձեռքս, նայում աչքերիս, ես նվաղում եմ, բայց ինչպե՞ս է, որ դու չես նկատում: Ես ամբողջովին սեր եմ դարձել, եթերի պես շուրջդ փռվել, դու չես նկատում:
Ես անվերջ քեզ մոտ եմ շտապում, դու անվերջ հեռանում ես, քեզ չեմ հասնում  ու սկսվում է մարաթոնյան վազքը սրտիս, իսկ սիրտս, երբ քեզ հասնի, հաղթանակ չի ավետի: Իմ մեծ սերը քեզ կբուժի, ու ես կընկնեմ, իսկ դու, որ հոգիս էիր մերժել, գոնե սիրտս կորդեգրե´ս, նա էլ է այդժամ որբ դառնալու:

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: