Բլոգի ընթերցողի կողմից

Գարնանային մի չքնաղ երեկո իր գիրկն էր առել մարդկային հոգիների ջերմագին մղումները և կարծես փորձում էր իր դյութական գովքն անել բնության ամեն մի մասունքի, այդ թվում` մարդու բովանդակ ներաշխարհի` երբեմնի աննման մի երաժշտության հնչեցմամբ: Գեղեցիկ է կյանքը: Բայց այս ամենը բնավ չէր հաստատի և ոչ էլ կմասնակցեր այդ գովքին թյուր կարծիքով ապրող այն մահկանացուն, ում համար այդ իսկ պահին խավարել էր կյանքը: Ինչու չէր նկատում այդ մոգական արվեստի հնարքները`նա միայն կբացատրեր, եթե իհարկե նրա կաղապարված գաղափարն իր տեղը զիջեր սթափ դատողությանը: Դժվարության առաջ նա ծնկի էր իջել` կյանքին վերջ դնելու մտքերով տոգորված: Եվ այդ ճակատագրական րոպեին նա իրեն տեսավ այն աչքերի հայելիում, ուր արտացոլված էր իր ամբողջ կյանքի երջանկությունը, բնությունը շռայլ էր գտնվել այդ կնոջ նկատմամբ` պարգևելով գեղեցիկի բոլոր երանգներն ու ամենքին գերող առեղծվածային հմայք: Տաղանդավոր այդ երաժիշտը կարծես դարձավ այն մասնիկը, այն լույս նշմարող միակ կետը, ումով այդ կնոջ` միպահ, անէացած անուրջներում բացահայտվեց գարնանային երեկոյի արվեստով կերտված հրաշքը:Սերն էր այդ հրաշքը: Նա տեսավ ու զգաց ապրելու այն լիառատ հույսը, երբ ամեն ինչ լուսավորվում ու նոր սկիզբ է դառնում: Կյանքի հաջորդ էտապներում նա երբևէ չէր ընկրկում և չէր կորցնում ապրելու մշտավառ ձգտումը: Նա երբեք չմոռացավ այն գարունը, որն իր առաջ բացեց այն գաղափարական դռները, որոնք հանգում են բոլոր իմաստունների մտքերից կերտված այս վեհ իրականությանը`<<Ամեն ինչ անցնում է…>>, ինչպես անցավ այն չքնաղ գարունը: Կյանքի ամեն մի դրվագ` իր բովանդակ կամ անբովանդակ, երջանիկ թե դժբախտ կողմերով, բնավ չպետք է խաթարի այն կայուն անդորրը, որով սնուցվում է մեր բանականությունը և ամեն րոպե մեր սրտերում արթնացնում մեր մտքերի ավարտական արգասիքը`հույսը: Սիրում եմ գարունը:

Հեղինակ՝Լիլիթ Թանդիլյան

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: