Իմ խենթ


Ես գիտեմ, որ դու հաճախ ես հիմա
Մոտենում ձեր տան հայելուն շքեղ,
Անծանոթ, օտար մի կնոջ նման
Դիտում ես երկար, զննում` ինքդ քեզ:

Մազերդ ես շտկում, հանդուգն մի փունջ
Ձեռքով մղելով ականջիդ ետև,
Մարմարե վիզդ ափերով շփում
ՈՒ ժպտում ես քեզ անփույթ ու թեթև:

Հարդարում ես դու հագուստդ այրող,
Որ գրկում է քեզ սիրահարի պես,
Նայում ես մերթ մեղմ, մերթ՝ հրավիրող,
Մերթ՝ չարաճճի, մերթ՝ համեստ ու հեզ:

Դառնում ես այս կողմ, դառնում ես այն կողմ,
Կրնկիդ վրա պտույտ ես տալիս
ՈՒ նորից ժպտում, ժպտում ինքնագոհ,
Ինքդ չափազանց քեզ դուր ես գալիս:

Ինքդ քո աչքում ուրիշ ես դարձել,
Այնպե՛ս չես քնում, վեր կենում, գնում...
Ինչ-որ բան հանկարծ փոխվել է կարծես,
Թե ի՞նչ է փոխվել, պարզ չես հասկանում:

Թե ի՞նչ է փոխվել, ես գիտեմ, անգի՛ն.
Մի՛շտ, ամե՜ն անգամ այդպես է լինում,
Երբ քեզ պես համեստ ու խոնարհ մեկին
Ինձ նման մի խենթ, ինձ նման մի գիժ
Առանց խոսքերի իր սիրտն է բանում:

1 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: