ԵՐԿՈՒ ՀԱՄԲՈՒՅՐ /մաս 5-րդ/


Այդ երեկո սովորականի պես տղան այգի մտավ,նստարանի վրայից մաքրեց ծառերից թափված վերջին տերևները և նստեց՝ խորասուզվելու մտքերի մեջ: Տարօրինակ զգացում ուներ,սիրտը կարծես անակնկալի էր սպասում: Շատ չէր անցել,երբ կամրջի վրա ծանոթ կերպարանք նշմարեց: Տիգրանն աչքերին չէր հավատում.Նարեն էր: Վերջինս քայլում էր կամրջի երկայնքով և թախծոտ հայացքով նայում ներքև՝ գետի փրփրադեզ ջրերին: Երբ մի ներքին մղումով հայացքը գցեց նստարանի կողմը և տեսավ Տիգրանին,տեղում քարացավ: Երկուսն էլ ապշած էին. հանդիպումը
նույնքան անսպասելի էր,որքան և մոտ երկու տարվա բաժանումը: Վերջապես,վախվորած քայլերը Նարեին տարան տղայի մոտ: Երկուսի սրտերում էլ փոթորիկ էր,կարոտի փոթորիկ... Նարեն,իր արարքների և Տիգրանին հասցրած վիրավորանքի խորությունը գիտակցելով,վախենում էր արտահայտել սրտի խորքում կուտակված կարոտն ու զգացմունքները: Տիգրանի սրտում էլ էր ապրում այն հին սերը, բայց արդեն հպարտությամբ ու վիրավորված ինքնասիրությամբ շղթայված:
Տիգրանն ակամա ոտքի ելավ: Նա նայում էր իր առջև կանգնած աղջկան,որի սև ու նշաձև աչքերում երբեմնի երջանկության փայլի փոխարեն նկատվում էր հետզհետե կուտակվող արցունքների փայլը: Փոխվել էր Նարեն. հայացքն այլևս առաջվա խնդությունը չէր արտահայտում: Այն մշտաժպիտ օրիորդից մնացել էր միայն աշնանը համահունչ մի մութ թախիծ...
Նարեն այլևս անկարող էր սանձահարել  իր կարոտը: Նա Տիգրանի գիրկն ընկավ,ամուր սեղմվեց նրա կրծքին ու սկսեց հեկեկալ,բայց տղայի անբնական սառը պահվածքը կարծես հետ մղեց նրան:
_Փեսացուդ չի՞ խանդի,_հեգնանքով հարցրեց Տիգրանը:
Տղայի հպարտությունն ու խոցված հոգին թույլ չէին տալիս արտահայտել անկեղծ զգացմունքները: Լաց լինելու ունակության բացակայությունն էլ օգնում էր հմտորեն սառն ու անտարբեր ձևանալ:
_Փեսացու չկա,_ասաց Նարեն:_Ես չեմ սիրում նրան,նա էլ դավաճանում էր ինձ, և դա հարմար պատրվակ էր նշանադրության մատանին վերադարձնելու համար:
_Ցավում եմ,որ բախտիդ գլխին քար է ընկել,_պատասխանեց տղան և քայլերն ուղղեց դեպի կամուրջը:
Նարեն հետևեց նրան ու սկսեց զանազան բացատրություններ տալ:
Տիկս,ես միշտ սիրել եմ քեզ ու հիմա էլ սիրում եմ: Ես երեկ եմ Հայաստան վերադարձել,եկել եմ քեզնից ներողություն խնդրելու: Ներիր ինձ,խենթս,խնդրում եմ,ներիր: Ես գիտեմ,որ դու էլ ինձ ես սիրում...
_Իսկապե՞ս,_քմծիծաղ տվեց Տիգրանը,_ի՞նչ սիրո մասին է խոսքը: Չլինի՞ թե ժամանակի ու տարածություն կողմից սղոցված սիրո:
_Տիկ,ես դա այն ժամանակ քեզ համար ասացի,որպեսզի դու չտանջվես ու մոռանաս ինձ: Ես այլ ելք չունեի,հավատա...
_Իհարկե,հասկանում եմ քեզ: Դու դավաճանել ես ինձ,բայց դա արել ես ինձ համար,չէ՞: Հիմա ի՞նչ ես ուզում,որ անեմ. երևի շնորհակալություն հայտնեմ,հա՞:
_Ես քեզ չեմ դավաճանել,ախր դա դավաճանություն չէր,ներիր ինձ,եթե վիրավորել եմ քեզ:
Տիգրանը կանգ առավ կամրջի մոտ:
_Ցավում եմ,բայց ես նման շնորհք չունեմ,_ասաց նա._ես զուրկ եմ ներելու կարողությունից,առավել ևս եթե խոսքը դավաճանությանն ու ստին է վերաբերում: Արի ավարտենք այս անիմատ խոսակցությունը ու գնանք ամեն մեկս մեր ճանապարհով:
Նարեի աչքերից նորից արցունքներ կախվեցին:
_Ինչու՞ ես այդպես դաժան վարվում ինձ հետ,ի՞նչն է խանգարում,որ հիմա միանանք. չէ՞ որ մենք սիրում ենք իրար,_լացակումած շշնջաց նա:
_Այդ սերն այլևս գոյություն չունի:
_Այդ դեպքում ինչու՞ ես այստեղ եկել: Ի՞նչն է քեզ մեր սիրո այգի բերել: Դու նստած էիր մեր նստարանին,դու սիրում ես ինձ,չես կարող դա ժխտել:
Նարեն մոտեցավ Տիգրանին: Տղայի հպարտությունը մի պահ տեղի տվեց: Երբ նա զգաց սիրելիի շունչը,մի պահ կորցրեց հավասարակշռությունը,և միմյանց տենչացող շուրթերը միացան կրքոտ ու սիրով լի համբույրով,վերջին համբույրով...

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: