ԵՐԿՈՒ ՀԱՄԲՈՒՅՐ /մաս 4-րդ/

Տիգրանի սիրտն ինչ-որ վատ բան էր կանխազգում: Թեև նա լավ գիտեր,որ Նարեն մեկնել է ծնողների հարկադրանքով,բայց,այնուամենայնիվ,նրան լքվածության զգացումն էր պաշարել:
Մեկնելուց երեք օր անց Նարեն զանգահարեց: Նրա ձայնը չափազանց տխուր էր և հուսահատ: Նույն բանը նկատելի էր նաև Տիգրանի ձայնի մեջ: Անսպասելի բաժանումը կոտրել էր նրանց ոգևորությունը,փշուր-փշուր էին եղել երբեմնի բոլոր երազանքները՝ կապված ապագայի հետ...
Նրանց հեռախոսային գաղտնի շփումը տևեց երեք-չորս ամիս,մինչև որ մի օր դա նկատեց Նարեի հայրը:
_Ես քեզ կստիպեմ մոռանալ այդ ինքնահավանին,խոստանում եմ,կստիպեմ,_զայրացած բղավեց նա:
Աղջիկը զրկվեց հեռախոսից օգտվելու իրավունքից: Տիգրանի անհանգիստ զանգերը գնալով է՛լ ավելի էին շատանում,մինչդեռ դրանց ոչ ոք չէր պատասխանում:
Տղան կորցրել էր գլուխը. Նա հուսահատության գիրկն էր ընկել,դարձել էր նյարդային,չէր ուզում շփվել ոչ մեկի հետ և ողջ օրն անցկացնում էր այգում քայլելով,իրենց խորհրդավոր նստարանին նստած կամ էլ սենյակում փակված: Անորոշությունն ու սպասումն է՛լ ավելի էին բորբոքում նրա սիրտն այրող կարոտ:
Շաբաթները գլորվում էին,բայց Նարեի հոր խստությունը չէր կոտրվում: Նարեն էլ էր ամբողջ օրը փակվում սենյակում և իրենց կրակե սերը խորհրդանշող նկարը ձեռքին՝ հուշերի գիրկն էր սուզվում: Նույն անորոշությունն ու կարոտը աղջկա հոգին էլ էին կրծում,բայց անզոր էր նա ծնողների բռնակալության դեմ...
Եռամսյա անորոշությունից հետո պարոն Համլետը որոշեց իրագործել աղջկան տված խոստումը: Երկար ժամանակ Նարեն ստիպողաբար հանդիպում էր իր հոր ընկերներից մեկի որդու հետ: Հարկադրանքը շարունակվեց այնքան,մինչև գործը հասավ նշանադրությանը: Նարեին գրեթե ուժով ստիպեցին ընդունել մատանին և կրել այն:
Այդ ընթացքում Տիգրանի զանգերը չէին դադարում,և պարոն Համլետի ճկուն ուղեղը գտավ տղայից ազատվելու ելքը...
Ամիսներ տևած լռությունից հետո Նարեն զանգեց Տիգրանին: Աղջկա հեռախոսահամարը տեսնելով՝ տղայի սիրտը սկսեց անասելի արագությամբ բաբախել: Սակայն այն,ինչ  ասաց Նարեն,Տիգրանի համար սառը ցնցուղի պես մի բան էր:
_Տիկ,ես նշանվել եմ,_հեռախոսի միջից հնչեց Նարեի ձայնը:_Ժամանակն ու տարածությունը սիրո սղոցն են: Խնդրում եմ,այլևս մի զանգիր: Մոռացիր ինձ:
Խանդը վայրկենապես մթագնեց տղայի ուղեղը:
_Համոզվա՞ծ ես,որ դու դա ուզում ես,Նար,_ասաց նա:
_Այո,_պատասխանեց աղջիկը: Փոքրիկ լռությունից հետո,ամբողջ հոգով բացասական պատասխան ակնկալելով,տղան հարցրեց.
_Հաստա՞տ:
_Այո,հաստատ:
Այս երկու բառերը կայծակի պես հարվածեցին Տիգրանի՝ խանդից շիկացած ուղեղին:
_Երջանկություն եմ մաղթում: Ես քեզ այլևս չեմ անհանգստացնի,_վճռական ասաց նա և անջատեց հեռախոսը:
Տղայի բարեմաղթանքի մեջ անսահման զայրույթ և վիրավորվածություն կար: Անշուշտ, Նարեի զանգը ծնողների հարկադրանքի արդյունքն էր,բայց դա մասամբ կատարվել էր նաև հենց իր՝ Նարեի ցանկությամբ: Աղջկա այդ քայլը հուսահատությունից էր գալիս: Հասկանալով,որ իրենց սերը դեպի կործանում է
գնում,նրան մնում էր միայն մի բան՝ չխոչընդոտել սիրելիի երջանկությանը,չնպաստել նրա տանջանքներին: Երբեմն ապագայում երջանիկ լինելու համար մարդը սկզբում ստիպված է լինում անսպասելի հարվածից տանջվել. Նարեն ճիշտ այդ ձևով հարվածեց Տիգրանին՝ ողջ սրտով ցանկանալով,որ դա նրա ապագա երջանկության նախերգանքը դառնա...
Նարեի զանգից հետո Տիգրանը հարյուր ութսուն աստիճանով փոխվեց: Զայրույթի, վիրավորանքի ու խանդի խառնուրդը կեղեքում էր նրա հոգին,մյուս կողմից էլ տանջում էր կորցրած սիրո կարոտը: Նա հասկանում էի,որ դա վերջակետն է երբեմնի հեքիաթային սիրո,բայց ենթագիտակցորեն սկսել էր բոլոր աղջիկների մեջ Նարեին փնտրել: Տիգրանը հետզհետե կնամոլ էր դառնում: Շատերին թվում էր,թե նա հաճույքների ու վայելքների համար թաշկինակի պես փոխում է ընկերուհիներին,բայց միայն ինքը գիտեր իր հոգում փոթորկից հետո մնացած ավերածության մասին: Փնտրտուքները,սակայն,ապարդյուն էին. Երկրորդ Նարե գտնելը չափազանց դժվար էր... Նարեի համար էլ հեշտ չէր բաժանման ցավը լուռ կրելը, բայց և արդեն ուշ էր հետդարձի համար...
Երկկողմանի տառապանքների մեջ անցավ մեկ տարի: Ուրիշների մեջ Նարեին փնտրելու մոլուցքը Տիգրանի մոտ կամաց-կամաց մարեց: Միայն թե ոտքերը հաճախ նրան տանում էին իրենց այգին: Նա քայլում էր հուսահատ,մտամոլոր՝ փորփրելով իր բոլոր քաղցր հիշողությունները: Բայց նույնիսկ այդ հուշերը չին կարողանում բուժել վիրավորանքի թողած սպիները կամ էլ խաղաղեցնել խանդից կուրացած ու գազազած սիրտը: Հպարտությունը թույլ չէր տալիս ընդունել,որ դեռ խենթի պես սիրում է Նարեին...
Աշունն այս անգամ թվաց չափազանց տխուր: Այլևս լուսավոր չէր թախիծը,և խամրած էր թվում արևը: Սիրո խոստովանությունների ունկնդիր նստարանի և համբույրների վկաների՝ ծառերի համար արդեն սովորական էր դարձել Տիգրանի միայնությունը: Բայց խորաշնանային մի օր կատարվեց անսպասելին...

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: