ԵՐԿՈՒ ՀԱՄԲՈՒՅՐ /մաս 2-րդ/


Իհարկե,բոլոր ընկերական հարաբերությունների վերջում սեր չի ծնվում,սակայն Տիգրանի ու Նարեի երեք ամսվա ընկերությունը,որը սկիզբ էր առել նույնքան աննկատ,որքան և վերջին շրջանում նրանց միջև առաջացած ծայրահեղ կապվածությունը,հետզհետե խնամքով թաքցրած սիրո էր վերածվել: Բայց այդ նույն ընկերությունը,որը չքնաղ զգացմունք էր ծնել, միաժամանակ նաև խոչընդոտ էր դարձել նրա համար: Անհամարձակ չէին Նարեն ու Տիգրանը, պարզապես վախենում էին մեկմեկու կորցնելուց: Երկուսի մտահոգության խնդիրն էլ նույնն էր.եթե սերն անփոխադարձ է,ապա խոստովանությունը ոչ միայն մերժված լինելու ցավ կբերի,այլև կքայքայի իրենց ընկերությունը... Սա էր զգացմունքները քողարկելու միակ պատճառը: Բայց երկար թաքցնել չէր լինի,և անխուսափելի էր ամառային այն զովաշունչ գիշերվա կատարվածը...

Ամառը հետզհետե ավելի էր թեժանում ու դրա հետ մեկտեղ թեժանում էր նրանց սրտերն այրող սիրո կրակը: Տիգրանի ու Նարեի օրերն ամբողջովին լցված էին մեկը մյուսով: Առաջին սերը կտրուկ փոխել էր նրանց կյանքի ընթացքը: Առանց մեկմեկու աշխարհը դատարկ էր թվում,իսկ կյանքը՝ անիմաստ: Օրվա մեծ մասը նրանք անցկացնում էին միասին: Սիրահարներին հաճախ կարելի էր տեսնել
ձեռք ձեռքի տված զբոսնելիս,հատկապես այն նույն այգում,որից սկիզբ էր առել իրենց սիրո չքնաղ պատմությունը: Ամռան շոգ երեկոներին նրանց անբաժան ընկերներն էին այն նստարանը,որը լսել էր սիրո առաջին խոստովանությունը,այգու ծառերը,որոնք տեսել էին առաջին անմեղ համբույրը:
Օգոստոսյան մի երեկո,երբ Նարեն սովորականի նման պատրաստվում էր Տիգրանի հետ զբոսնելու գնալ,հեռախոսը զանգեց.Տիգրանն էր:
_Նարս,կներես,այսօր չենք կարող զբոսնել,_ասաց նա._մի շատ կարևոր գործ ունեմ,պետք է դրանով զբաղվեմ:
_Ի՞նչ գործ,_տխուր ձայնով հարցրեց Նարեն:
_Հիմա չեմ կարող ասել.հետո կտեսնես,լա՞վ:
_Լավ,կկարոտեմ քեզ...
_Չես հասցնի կարոտել,_ծիծաղեց Տիգրանը:_Դե լավ,ուշ է,պետք է գնամ,առայժմ,սեր իմ:
_Առայժմ:
Մի քանի ժամ անցավ: Արդեն կեսգիշեր էր: Նարեն,անկողնում պառկած,գիրք էր կարդում, երբ նորից լսեց հեռախոսի զանգը.դարձյալ Տիգրանն էր:
_Նարս,պատուհանին կմոտենա՞ս:
_Պատուհանի՞ն: Ի՞նչու:
_Մոտեցիր ու ցած նայիր:
Աղջիկն անմիջապես մոտեցավ պատուհանին: Հինգերորդ հարկից հիասքանչ տեսարան էր բացվում: Ներքևում մթության մեջ վառվող կրակով գրված «I love you» արտահայտությունից քիչ հեռու կանգնած էր Տիգրանը: Նարեի զարմանքին և հիացմունքին չափ ու սահման չկար: Նա միառժամանակ ապշած նայում էր ներքև,և վերջապես Տիգրանի ականջին հեռախոսի միջից հասավ նրա ձայնը.
_Տիկս,ես քեզ սիրում եմ,խենթս,սիրում եմ քեզ:
Րոպեներ անց տղան վերևում էր: Նրանք պատուհանից լուսանկարեցին հիասքանչ տեսարանը՝ երդվելով պահել այդ նկարը՝ իբրև փոխադարձ սիրո ապացույց: Հեռանալիս Տիգրանը,օղակելով Նարեի բարակ իրանը,նրա շուրթերին կրքոտ ու այնպիսի ջերմ համբույր դրոշմեց,որպիսին ներքևում վառվող կրակն էր: Աղջիկը ողջ գիշեր երջանկությունից աչք չփակեց.նա սենյակում  դեռ Տիգրանի շունչն ու օծանելիքի բույրն էր զգում,իսկ շուրթերին՝ նրա պարգևած համբույրի քաղցրությունը..

Ամառն աստիճանաբար իր տեղն աշնանը զիջեց: Ոսկեդեղին ծառերի տերևներին ու ճյուղերին հաճախակի էին աշնան անձրևի կաթլներ հայտնվում,արևն էլ արդեն լիարժեք չէր ժպտում,կարծես ողջ օրը քողարկվում էր ամպերի հետևում: Բայց խենթ սիրահարների աչքին նույնիսկ աշնան թախիծն էր լուսավոր երևում,իսկ իրենց սիրո այգին տարվա այդ եղանակին նմանվել էր ռոմանտիկ,հեքիաթային մի աշխարհի,որտեղ միայն անկեղծ զգացմունքներն էին իշխում: Արդեն հարազատ դարձած նստարանը իր շրջակայքով թվում էր ամենագողտրիկ անկյունը աշխարհիս երեսին...
Ամիսները գլորվում էին արագ ու աննկատ,իսկ սիրո աշխարհում ժամանակի զգացողությունն ընդհանրապես բացակայում է:
Տեղաց առաջին ձյունը: Շուրջբոլորը ներկվեց ճերմակով,կարծես ողջ աշխարհն անասելի մաքրությամբ էր լցվել:
Փետրվարյան մի օր տուն վերադառնալով՝ Նարեն մոր դեմքին արտասովոր ժպիտ նկատեց:
_Ի՞նչ է պատահել,_ինքն էլ մոր ժպիտով վարակվելով՝ հարցրեց Նարեն:
_Նարե ջան,վերջապես հայրդ բոլոր խնդիրները կարգավորեց.հաջորդ ամիս մեկնում ենք:
Աղջկա դեմքին ժպիտը վայրկենապես սառեց:
_Մեկնու՞մ ենք: Ու՞ր: Ինչքա՞ն ժամանանակով,_կմկմաց նա:
_Կիև ենք գնում,աղջիկս: Պատկերացնու՞մ ես,մենք ընդմիշտ այնտեղ ենք ապրելու,մենք իսկական եվրոպացիների կյանք ենք վարելու,մենք այնտեղ...
_Ես չեմ գալիս:
Նարեի հաստատուն պատասխանն ընդհատեց մոր ոգևորվածությունը:
_Ինչպե՞ս թե չես գալիս:Դու ուրիշ տարբերակ չունես,քեզ մնում է միայն համաձայնել: Ու լավ կլինի սկսես իրերդ հավաքել:
_Ես ոչ մի տեղ էլ չեմ գնա,_ավելի բորբոքվելով՝ ասաց Նարեն:_Ես չեմ հեռանա Հայաստանից,նույնիսկ եթե ստիպված լինեմ այստեղ մեն-մենակ ապրել: Չնայած հաստատ մենակ չեմ մնա:
_Դե իհարկե,քո Տիգրանը քեզ մենակ չի թողնի,_ընդգծված հեգնանքով ծիծաղեց մայրը:
_Այո,ճիշտ այդպես: Հեգնանքդ էլ անտեղի է: Մամ,ես սիրում եմ նրան,նա էլ՝ ինձ: Սա մանկական խաղ չէ,մեր զգացմունքները լուրջ են,ու ես չեմ ուզում բաժանվել նրանից: Ես առանց նրա ապրել չեմ կարող,համոզված եմ,որ նա էլ առանց ինձ չի կարող ապրել:
_Է՜հ,վե՛րջ տուր: Դուք՝ երիտասարդներդ,ամեն բան սրտին այնքան մոտ եք ընդունում: Հիշիր Սևակի խոսքերը.«Առաջին սերը,ինչպես որ հացը,ինչ էլ որ անես,միշտ կուտ է գնում»:
_Միայն ոչ մեր սերը,_ընդհատեց Նարեն:_Մենք բաժանվելու ոչ մի պատճառ չունենք: Դու ու հայրիկն եք,որ ուզում եք մեզ բաժանել:
_Հավատա,Նարե ջան,աշխարհը քո Տիգրանով հո չվերջացա՞վ: Այնքա՜ն լավ տղաներ կան, դու դեռ շատերին...
_Ես Տիգրանին եմ սիրում,_լացակումած բղավեց Նարեն,_ինձ ուրիշ ոչ ոք պետք չէ: Ինձ միայն նա է պետք,ու ես չեմ բաժանվի նրանից:
Աղջիկն իր սենյակը մտավ՝ հետևից շրխկացնելով դուռը: Ողջ գիշեր կողպված սենյակից լսվում էր օրիորդի հեկեկոցը: Նարեն շատ լավ էր գիտակցում,որ իր հոր որոշումները բեկման ենթակա չեն,և այն,ինչ ինքը փորձում  էր համոզել մորը,լոկ ինքնախաբեություն էր: Հենց իր անզորությունն էր,որ արցունքների հեղեղ էր ծնում:
Այս խառնաշփոթը գնալով ավելի էր խորանում: Մոտ կես ամիս շարունակ Նարեենց տնից անպակաս էին կռիվները,որոնց բոլորի հիմքում նույն երկու հարցերն էին ընկած՝ մեկնումն ու Տիգրանից բաժանվելը...

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: