ԵՐԿՈՒ ՀԱՄԲՈՒՅՐ /մաս 1-ին/


Քսան րոպե սպասեցնելուց հետո շքամուտքում հայտնվեց բաղձալի կերպարանքը:
_Բարև,_ժպտաց Նարեն:
_Բարև,_հիացմունքը թաքցնել չկարողանալով` պատասխանեց Տիգրանը,_այսօր շատ յուրահատուկ ես:
Թեթևակի շառագունելով՝ Նարեն ասաց.
_Կարծում եմ՝ այսօր արտասովորն ու յուրահատուկը հենց դու ես ու քո հրավերը: Դե ասա,ի՞նչ է եղել,ու՞ր ենք գնում այսպես անսպասելի կամ ինչու՞ ենք շտապում...
_Հեյ,սպասիր,սպասիր,_ծիծաղեց Տիգրանը,_նորից հարցերի տարափը սկսեցի՞ր: Արի քայլենք:
_Լավ,բայց ախր ու՞ր ենք գնում.հետաքրքրությունից այրվում եմ:
_Նարս,մի քիչ համբերիր,մի քիչ... Գնացինք:
Նրանք նստեցին մի քանի մետր այն կողմ կանգնած տաքսին,որն իրենց էր սպասում,ու ճանապարհ ընկան: Ողջ ճանապարհին բառ անգամ չփոխանակեցին.ամեն մեկն իր մտքերի մեջ էր խորասուզված: Միայն մերթընդմերթ Տիգրանի հայացքը սահում էր Նարեի դեմքի վրայով: Աղջկա սև ու խոշոր նշաձև աչքերը հետևում էին հետզհետե մթնշաղի գույներով ներկվող երկնքին: Ուսերին փռված երկար,սև մազերը թեթևակի ծածանվում էին կիսաբաց պատուհանից ներս սողոսկող մեղմ քամուց: Նուրբ դիմագծերն է՛լ ավելի էր նրբացնում երբեմն-երբեմն նրա փոքրիկ բերանի անկյուններում հայտնվող քնքուշ ժպիտը,որը կարծես խորհրդանիշն էր նրա երազկոտ էության: Հավանաբար այդ ռոմանտիկ էակը երկնքի գունախաղի մեջ տեսնում էր այն,ինչ անկարող էր տեսնել կյանքի հոգսերի տակ կքած սովորական մարդը...
Մեքենան կանգ առավ:
_Հասանք,_ասաց Տիգրանը:
Նարեն,կարծես սթափվելով ինչ-որ երազից,նայեց տղային:
_Ու՞ր հասանք:
_Իջնենք,կտեսնես:
Երկինքն արդեն ամբողջովին սևով էր ներկվել: Տեղ-տեղ աստղերի փայլն էր նկատվում, իսկ մի կողմում կախվել էր լուսնի ափսեն: Ձորի զովությունն ու թեթև քամին մեղմացնում էին ամառվա տապը և երեկոյին սառը շունչ տալիս:
Նարեն մի պահ զարմանքով նայեց իրենից մի քանի մետր հեռու գտնվող կամրջին ու հարցրեց.
_Իսկ այստեղ ի՞նչ գործ ունենք:
_Ուղղակի շատ եմ սիրում այս վայրը: Արի զբոսնենք,լա՞վ:
Կամրջի վրա կանգնած՝ նրանք մի քանի րոպե ներքև նայեցին.բարձրությունը փոքր չէր:
_Գեղեցիկ տեսարան է,չէ՞,_ասաց Նարեն._հապա գետին նայիր,ջրերի խշշոցը լսիր, հիասքանչ է...
_Իրոք որ հիանալի տեսարան է,-պատասխանեց տղան, թեև մտքերը նրան ուրիշ աշխարհ էին տանում:
_Բայց մյուս կողմից էլ մարմնովս մի տեսակ դող է անցնում ցած նայելիս. ես բարձրությունից մի քիչ վախենում եմ:
_Իսկ ես բոլորովին չեմ վախենում: Նույնիսկ հաճույքով կցատկեի ներքև,եթե...
Տիգրանը մի պահ լռեց: Նա նայեց Նարեի աչքերի մեջ ու որսաց այնտեղ մշտապես բոցկլտացող հետաքրքրասիրության կայծերը,ապա,հայացքը գցելով գետին,շարունակեց.
_Եթե միայն իմանայի,որ ողջ և առողջ կմնամ:
_Վախենու՞մ ես մահից,_տևական լռությունը խախտեց Նարեն:
_Այո,վախենում եմ:
_Ես էլ,_ասաց Նարեն:_Այն ի՞նչ այգի է այնտեղ՝ ներքևում:
_Թումանյանի այգին է: Շատ գեղեցիկ վայր է,գնա՞նք այնտեղ:

Այգում միայն մի քանի մարդ կար,ովքեր դուրս էին եկել տոթ բնակարաններից՝ երեկոյի զովությունը վայելելու:

Տիգրանն ու Նարեն նստեցին նստարաններից մեկին: Զրույցը ծավալվում էր ամենի շուրջը,բացի ամենակարևորից: Մինչդեռ տղան ամբողջովին կլանված էր հենց այդ էական մտքերով:
_Մեկ է,ես մնում եմ այն կարծիքին,որ դու այսօր չափից դուրս մտազբաղ ես,_զրույցի թեման կտրուկ փոխելով՝ դժգոհեց Նարեն:_Երբեմն նույնիսկ թվում է,թե ինձ չես էլ լսում: Ի՞նչ է կատարվում քեզ հետ:
_Նար,գիտե՞ս ինչու եմ մահից վախենում,_հարցրեց Տիգրանը և հենց ինքն էլ պատասխանեց._որովհետև մահից չեն վախենում միայն հիմարները,մեկ էլ նրանք,ովքեր կորցնելու բան չունեն:
Տղան թեթևակի շրջվեց Նարեի կողմը,զույգ ափերի մեջ առավ նրա նուրբ ու խնամված ձեռքը և փոքրիկ լռությունից հետո ասաց.
_Մահն ինձ կզրկի քեզանից: Ես քեզ կորցնելուց եմ վախենում:
Նարեի հայացքը սահեց միախառնված երեք ձեռքերի վրայով և ի վերջո հատվեց Տիգրանի հայացքի հետ: Գուցե տղայի աչքերում նկատվող անսահման անկեղծությունից վախենալով՝ օրիորդն ակամա ազատեց ձեռքը: Տիգրանի աչքից անվրեպ չմնաց նրա ակնհայտ շփոթմունքը,բայց,այնուամենայնիվ,տղան շարունակեց.
_Լավագույն ընկերական հարաբերությունների վերջում սեր է ծնվում: Չգիտեմ՝ սա այդ հարաբերությունների վերջն է,թե ոչ,բայց սերն արդեն ծնվել է: Ես սա ասում եմ քեզ՝ ակնկալելով պատասխան,բայց ուզում եմ,որ այդ պատասխանը լինի անկեղծ: Չեմ ուզում,որ պատասխանես պարզապես ինձ չմերժելու կամ էլ սիրտս չկոտրելու համար: Տուր այն պատասխանը,որը սրտիդ խորքից է գալիս:
Մի պահ երկուսն էլ լռեցին: Նարեն,կարծես իր ներսում եղած համարձակությունը հավաքելով,վերջապես որոշեց խոսել:
_Իմ սրտի խորքից սեր է գալիս,_ասաց նա և նայելով Տիգրանի աչքերի մեջ՝ ավելացրեց,_սեր դեպի քեզ:
Նրանց աչքերում ծվարած սիրո փայլը,որ մինչ այդ րոպեն պատված էր գաղտնիության շղարշով,այժմ դարձավ է’լ ավելի ակնհայտ: Երկնակամարում պսպղացող աստղերից բացի այստեղ՝ ներքևում,իրար էին նայում երջանկությունից փայլող երկու զույգ աստղեր...
Նարեն հայացքը կախեց: Նրա համար կատարվածն այնքան անսպասելի էր,բայց և ներքուստ նույնքան սպասված: Փորձելով որևէ կերպ խզել լռությունը,նա,առանց երկար մտածելու,արտասանեց մտքին եկած առաջին  բանը.
_Ցուրտ է:
Գուցե և իրոք այդպես էր,քանի որ գիշերվա վերածվող երեկոն հետզհետե ավելի սառն էր դառնում:
_Անկեղծությունդ ջերմացնում է ինձ,_պատասխանեց Տիգրանը:
Նորից խորհրդավոր լռություն տիրեց,որը,սակայն,մերթընդմերթ խախտվում էր գետի խշշոցով և քամու թեթև սուլոցով: Նարեի մարմնով մի պահ սարսուռի ալիք անցավ: Քամու՞ց էր դա,թե՞ հուզմունքից,դժվար է ասել,բայց և միաժամանակ ներքուստ այրում էր մի հուր,որը, անկասկած,ծնվել էր սիրահար շուրթերի առաջին հպումից...

0 коммент.:

Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: