Վիրտուալ սեր

Մենք չենք գտնում բառեր և դրանք փոխարինում ենք սմայլիկներով, վախենում ենք խոստովանել մեր զգացմունքները և ուղղարկում ենք վիրտուալ սրտիկներ, ստատուսին այնպես ենք արձագանքում, ասես այդ մարդը մեր կողքին է և այլևս չենք մտածում ստեղները սեղմելիս, քանի որ մեր մատները իրենք են հիշում այդ կոմբինացիան: Բառերի փոխարեն ուղարկում ենք հղումներ, որոնցում ամեն ինչ արդեն ասված է:Մարդկանց ճանաչում ենք ըստ իրենց ստատուսների և կատարած հղումների` մոռանալով,որ սա ընդհամենը վիրտուալ աշխարհ է: Աշխարհ, որտեղ ժպիտը այլևս ոչինչ չի նշանակում, աշխարհ,որտեղ կարելի է ասել «Ամեն ինչ լավ է»,և քեզ կհավատան: Ամեն առավոտ մենք գնում ենք աշխատանքի կամ դասի`անհամբեր սպասելով որևէ հնարավորության` նորից հայտնվելու այդ աշխարհում: Աշխարհ,որը ստեղծում ենք մենք ինքներս, աշխարհ, որտեղ ընկերները ընդամենը ցուցակ են, և մարդուն կարելի է ջնջել մեր կյանքից  ստեղի թեթև սեղմամբ:

Ասում են, թե հոգեբանները առանձնացնում են սիրո հինգ տեսակ, բայց երևի ժամանակն է,որ այդ դասակարգման մեջ իր ուրույն տեղը զբաղեցնի նաև մեր օրերի սերը` վիրտուալ սերը: Իսկ ինչպիսի՞ն է այդ սերը: Դուք ծանոթացել եք ինտերնետում, անկեղծ եք իրար հետ և լավ եք զգում միասին, հասկանում եք իրար կես սմայլիկից, փորձում եք պատկերացնել նրա ժպիտը և ձեր սիրտը սկսում է արագ բաբախել ամեն անգամ նրա անունը համակարգչի էկրանին տեսնելիս: Ահա սա է վիրտուալ սերը: Շատերը կարծում են, որ այն շատ քիչ է տարբերվում իրական սիրուց և շատ հաճախ ունենում է բավականին երջանիկ ավարտ (եթե իհարկե ձեր վիրտուալ սիրո օբյեկտի հետևում  իրական մարդ է, այլ ոչ թե ինչ-որ մեկի ինքնահաստատման անհաջող փորձը…): Բայց մի՞թե դա սեր է, երբ դու քո սիրելիի մասին գիտես միայն այն,ինչը գրված է համակարգչի էկրանին,երբ դու չես կարող դիպչել նրան, ամուր գրկել, երբ դու նայում ես նրա նկարին և մտածում, արդյո՞ք իրական է այս ամենը,թե այս հորինված աշխարհի հերթական խաբկանքներից է: Եվ վերջապես արդյոք ձեր երեխաները կամ թոռները կհիանան ձեր սիրո պատմությամբ, որը կսահմանափակվի ընդհամենը հետևյալով`«…ու մի օր նա ավելացրեց ինձ իր ընկերների ցուցակում…ես նրան սրտիկներ էի ուղղարկում, իսկ նա ինձ պաչիկներ….»:
Սթափվեք քանի դեռ ուշ չէ: Սերը ամենահիանալի զգացմունքն է,որը պետք է ապրի յուրաքանչյուրի իրական կյաքում: Սիրեք և եղեք սիրված:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: