Ինչ լավ է որ դու կաս

Ինչ լավ է, որ դու կաս…
Այս  խորդուբորդ ու սնամեջ կյանքում երբեմն մի լույս է անհրաժեշտ մարդուն, որ  գոնե ինչ-որ մխիթարանքի պատառով արդարացում տա իր անցավոր գոյությանը:
Ինչ լավ է, որ դու կաս…
Մարդ  ակամա, թեկուզ ինքն իր խղճի ու հոգու առաջ սկսում է պարտավորություն զգալ  այն մարդու հանդեպ, ում մեջ գտել է իրեն, ում հետ կապնվել է անտես, բայց  անհերքելի մի կապով:
Եթե ասածներս ոչինչ չասեն քեզ, ապա հիշիր այն  մանկիկին, որին երբ հարցնում են, թե այսինչին որքան ես սիրում: Փոխանակ  պատասխանի, ձեռքերն է տարածում ցույց տալու համար սիրո անչափելի չափը:  Այդպես էլ ահա համարիր, որ խոհերս ու հույզերս եմ տարածել, ոչ թե աջ ու ձախ,  այլ հենց քեզ  ցույց տալու համար անտեսանելին...


Բոլորիս  մեջ էլ կա մանուկը, արվեստագետի ու ստեղծագործողի մեջ ավելի ակնհայտ է նա:  Նա քնած է, բայց արթնանում է երբեմն ու իր թարթող աչքերով հերոսաբար  պահանջում է իր անմեղ ցանկությունների կանխավճարը նրանից, ում մեջ որ կա ու  ապրում է: Նա իր գոյության մասին երբեմն ու հաճախ հիշեցնում է և որքան էլ սառնասրտորեն փորձենք փակել մեր հոգու ականջները չլսելու կաղկանձն ու  աղիողորմ ճիչը նրա, միևնույնն է կթնգթնգա այնքան, մինչև արտասուքից խաշված  դեմքի վրա արդեն չենք կարողանա չկարդալ մեր սեփական եսը:
Քո մեջ այդ մանուկին գտավ իմ մանուկը…
Ինչ լավ է, որ դու կաս:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: