Հունիսի 1


Տարվա եղանակներից ամենաջերմն ու ամենապայծառը, ամենալուսավորն ու ամենաարևայինը: Իսկ ամռան հենց առաջին օրը՝ հունիսի 1 -ին, նշվում է աշխարհի ամենաբարի տոներից մեկը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այդ օրը քաղաքը լի է լինում փոքրիկների խինդ ու ծիծաղով, գունավոր փուչիկներով, հետաքրքիր միջոցառումներով… Ես քեզ համար առանձնացրել եմ այդ միջոցառումներից մի քանիսը:
Հունիսի 1 -ի առավոտյան երբ արթնանաս, նախաճաշես, շտապիր դեպի Հաղթանակի զբոսայգի: Այնտեղ  հունիսի 1-ին 25 ատրակցիոններ մինչեւ 16 տարեկան երեխաների համար անվճար են լինելու ժամը 10:00-ից 13:00-ը: Դրան հաջորդելու են մանկական տոնական միջոցառումները, որոնք շարունակվելու են մինչեւ ժամը 19:00-ն, այնուհետ մինչ 23:00-ն համերգային ծրագիր է լինելու. զբոսայգու բեմում ելույթ են ունենալու հայկական էստրադայի հայտնի երգիչներ: Իսկ երեկոյան ժամը 22:00-ին էլ լինելու է մեծ հրավառություն:
Իսկ Երևանի կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու: Երեխաների պաշտպանության միջազգային օրն այգում նախատեսված է նաև համերգային ծրագիր, տիկնիկային ներկայացումներ, հյուրասիրություն…
Հունիսի 1-ին` ժամը 11:00 «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է ասուլիսի, որի ընթացքում ելույթ են ունենալու երեխաները՝ իրենց հուզող խնդիրների մասին:
Ժամը 12:00-ին Ազատության հրապարակում՝ Արամ Խաչատրյանի արձանի մոտակայքում, տեղի կունենա ֆլեշմոբ: Հետդ վերցրու փուչիկներ և նվիրիր, ում կցանկանաս: Այնտեղ բոլորը հենց դրանով են զբաղված լինելու՝ միմյանց փուչիկներ նվիրելով:
Ժամը 14:00-ից կարող ես այցելել Սիրահարների այգի, որտեղ մի քանի լուսանկարիչ երեխաներ կներկայացնեն իրենց կողմից արված աշխատանքները, որոնք պատմում են իրենց ընկերների, դպրոցի, շրջապատող աշխարհի մասին: Ցուցահանդեսը կոչվում է «Նայեք աշխարհին մեր աչքերով»: Մանկական ցուցահանդես տեղի կունենա նաև Նկարիչների միությունում՝ ժամը 14:00-16:00:
Երեկոյան, Աբովյան փողոցի ողջ երկայնքով իրականացվելու են միջոցառումներ երեխաների համար: Լինելու են հերոսներ՝ տարբեր հեքիաթներից ու մուլտերից: Միջոցառմանը մասնակցնելու են նաև Գեղագիտական կենտրոնի նկարչական ստուդիայի սաները: Այն կազմակերպել է Աբովյան փողոցում գտնվող «Փոքր թատրոնի» գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը:
Երեկոյան Կասկադ համալիրում էլ կկայանա ուրախ համերգ: Երեխաները կերգեն երեխաների համար:
Շտապիր ներկա գտնվել այս իրադարձություններին: Մաղթում եմ քեզ ուրախ ու հաճելի ժամանց:


Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: