Ես բացահայտել եմ քեզ















Ես ամեն անգամ բացահայտում եմ քեզ մինչև վերջ, հիասթափվում քեզանից, հետո մոռանում հիասթափությունս ու սկսում քեզ նորից բացահայտել մինչև վերջ… մինչև հիասթափություն:
Երևի զարմանաս ասածիս  վրա, որովհետև ես էլ եմ զարմացել, բայց էլ քեզ չեմ սիրում: Ու պատճառը այն չէ, որ սրտիս զարկերն են դանդաղել, դողս է անհետացել կամ էլ մոռացել եմ այն բոլոր օղակները, որոնք անկախ մեզնից կապում են իրար մեր հոգիներն ու մարմինները… ուղղակի այս անգամվա բացահայտումս շատ է խոցելի:
Եթե փորձեմ բացատրել քեզ իմ կյանքի օրենքները (ինչպես դու քոնն ես անում), միգուցե և ոչինչ չհասկանաս:
Ես ապրում եմ անկախ բոլորից, կախյալ` քեզնից:
Դու ապրում ես անկախ ինձանից, բայց ինչից ես կախված, ես դա չգիտեմ (միգուցե մեզ կապող օղակներից):
Այժմ ես քո առաջ դերասանություն եմ անում, ցույց տալիս, թե ինձ համար ամեն ինչ միանշանակ է, անկարևոր ու թեթև: Դու զգում ես իմ անտաղանդ խաղը. դու ծափահարում ես ինձ:
Անկեղծ, ես այնքան եմ ափսոսում իմ այս վերջին հիասթափության համար: Երբ փլուզվել է մեջս ամեն ինչ, երբ ցավ կա, որ չի վերականգնվելու:
Ես բացահայտել եմ քեզ մինչև վերջ, վերջին անգամ:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: