Սերը չի մոռացվում


Սերը չի մոռացվում,
Սերը մոռանում են:
Սերը չի հեռացվում,
Սերը հեռանում է...
Ու ես կարոտում եմ այն աղջկան հիշում,
Որն առաջին անգամ ինձ ստիպեց սիրել,
Ու ես հավատում եմ այն տանջանքս քաշում,
Որը վայելելուց սովորեցի ներել:
Ու հիմա էլ պառկած`
Որոշում եմ գրել
Իմ անցյալի մասին
Ու նորից եմ հիշում
այն աղջկան,
Որի համար մի օր չէի ուզում ապրել,
Բայց ապրում եմ միայն նրա համար:
(Բայց ո՛չ, ես չեմ ապրում,
Ես հյուծվում եմ դրսից,
Ներսից` պարարտանում
Այն աղջկա համար,
Որն ինձնով է այսօր հպարտանում,
Իսկ ես` իմ հավատով):
Իմ հավատով այդ նա ամպերի մեջ ցանեց
Մետաքսափայլ բույսեր,
Այդ նա իմ հավատով տանջանքները դարձրեց
Գիշերային հույսեր,
Եվ իզուր չեմ հյուսել
Միայն նրա՛ համար այս երգերս,
Չէ՞ որ նա չի հիշում իր ծննդյան պահը,
Նա եղել է բարի:
Ես ապրել եմ արդեն 23 տարի
Ու այդքան էլ կապրեմ,
Եվ մի՜շտ, մի՜շտ կհիշեմ այն աղջկան,
Որը... վերջին անգամ ինձ ստիպեց սիրել,
Որը համակ սեր էր,
Սեր էր,
Որը երբե՜ք, երբե՜ք չի հեռացվում,
Այն միշտ հեռանում է,
Որը չի մոռացվում,
Եթե... մոռանում են:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: