ՍԻՐՈ ՄԱՍԻՆ


Ես ինքս ինձ փորձում եմ հաշիվ տալ այն զգացմունքի համար, որի բոլոր անկեղծ մարմնավորումները ունեն գեղեցիկի հատկանիշը: Ես փորձում եմ հնարավորին չափ չոր լինել: Ուզում եմ լռություն պարտադրել իմ սրտին, որը, թվում է, ասելու շատ բան ունի: Եվ ինձ թվում է, թե ճշմարտությունն եմ արձանագրում, այնինչ  գրի եմ առնում միայն սրտիս հառաչանքը:

Միշտ մի փոքր կասկած. ահա ինչ է հարուցում այդ մշտական ծարավը, ահա ինչն է երջանիկ դարձնում սիրո կյանքը: Քանի որ վախը միշտ սիրո կողքին է, այդ զգացմունքի պատճառած հաճույքը երբեք չի կարող ձանձրացնել: Եվ այս երջանկության հատկությունը ծայրահեղ լրջությունն է:
Սիրո առաջին նշանն ի հայտ է գալիս, երբ բոլոր այլ զգացմունքների և մարդկային կարիքների պատճառած հաճույքներն ու ցավերը այլևս չեն հուզում: Նուրբ հոգիները սերը քաջալերելու և մաքրագործելու համար կարիք ունեն անկեղծության: Որպեսզի սիրտը կարողանա սիրել, մենություն է պետք, և հասարակություն է հարկավոր, որպեսզի սերը կարողանա հաջողություն ունենալ:
Իսկական սերը հաճախ է մտածել տալիս մահվան մասին, այդ միտքը ծնունդ է առնում ինքնակամորեն, առանց սարսափի, և մահը դառնում է համեմատության ամենասովորական առարկան, այն գինը, որը կարելի է վճարել բազում բաների համար:
Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: