Սիրտ իմ, հաճախ ես ցավել դու կյանքում,
Ցավել ես սիրուց, կորստից ցավել,
Տանջել է հաճախ քեզ կարոտն անգութ,
Հաճախ զղջումով մեղքեր ես քավել,
Սակայն ամոքվել ու ապաքինվել,
Ասես հրաշքով նորից ես ծնվել
Ու բախել նորից դաշնորեն ու հաշտ…
Սակայն մի ցավից, ցավից մի անհուն,
Որ գուցե կյանքում չունի և անուն,
Չես ապաքինվում դու այսքան տարի…

Սիրտ իմ, լի՜ ես դու, լի՜ ես աշխարհի
Բոլոր գույներով, բոլոր ձայներով,
Բոլոր հողմերով, ծիածաններով,
Աշխարհի լավո՛վ, աշխարհի ցավո՛վ,
Լեցուն այնպիսի սուրբ հրաշքներով,
Որ եթե հանկարծ դու կարողանաս
Ու հրաշքներն այդ աշխարհին բանաս,
Շլանա պիտի հայացքն աշխարհի…
Բայց տառապում ես դու այսքան տարի
Եվ այդ ամենի մի երանգն անգամ,
Հեռու հեռավոր արձագանքն անգամ
Չես կարողանում հետ տալ աշխարհին
Ու ցավում ես, սիրտ:



Copyright ©2012-2013 - Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը www.siraharner.ru բլոգին պարտադիր է: